«Մենք անելու ենք ամեն ինչ, մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ՀՀ-ում ձևավորվի համախոհ կուսակցությունների բևեռ: Այսօր դա է հասարակության հրամայականը»,- այսօր հայտարարեց «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը՝ չբացառելով ԲՀԿ-ի հետ համագործակցությունը։
Չնայած այս պահին Վարդան Օսկանյանը սպասում է Գագիկ Ծառուկյանի վերջնական խոսքին, որ կողմնորոշվի, սակայն, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ի նախկին ղեկավարի վերադարձով կմիավորվեն ԲՀԿ-ի անջատված «բեկորները» և միասնական ճակատով կմասնակցեն ընտրություններին։
Իհարկե, դա կլինի ոչ թե կուսակցական ցուցակով, այլ դաշինքով, բայց արդյունքում էլի առանցքում լինելու է Գագիկ Ծառուկյանը, և հանրությունը ընտրելու է ԲՀԿ-ին, ոչ թե նրա ու «Համախմբում» կուսակցության դաշինքին։ «Բոլորը հասկանում են, որ այլ ճանապարհ չկա: Ովքեր կխուսափեն դաշինքներից՝ ինքնին իրենց երեսը արդեն ցույց կտան, որ միգուցե այլ նպատակների են ծառայում»,- ըստ էության հաստատելով, որ Ծառուկյանի «վերադարձից» հետո «Համախմբումը» կմիանա նրան, Օսկանյանը նաև ընդգծում է, որ դաշինքով ընտրությունների գնալու դեպքում ընտրակեղծիքները կկարողանան բացառել։
Ի դեպ, Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններով «բացատրեց» նաև մեր վիճակը։ Ըստ նախկին արտգործնախարարի, Թրամփը հաղթեց, որովհետև ԱՄՆ-ի ժողովուրդը հոգնել էր արդեն բյուրոկրատիայից, լճացած վիճակից, անգործությունից և փոփոխություն էր ուզում:
«Նրանք չնայեցին, թե այդ փոփոխությունն ով է անելու: Հիմա ՀՀ-ում էլ փոփոխություն է պետք հաց ու ջրի պես։ Մենք մեր 25 տարվա ընթացքում ընտրություններով իշխանափոխություն չենք ունեցել: Եղել է կամ հրաժարականով կամ փոխանցումով: Իշխանափոխություն, բառի իսկական իմաստով, չենք ունեցել»,- ասաց նախկին իշխանության մաս կազմող պաշտոնյան, որը ցանկանում է կրկին իշխանության գալ, սակայն իրական փոփոխությունից է խոսում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ